Հասարակությունը դրական է գնահատում Երեւանի ավագանու ընտրություններում «Առաքելություն» կուսակցության նախընտրական ծրագիրը: Այդ մասին ապրիլի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեսրոպ Առաքելյանը, ով առաջին տեղն է զբաղեցնում «Առաքելություն» կուսակցության համամասնական ընտրացուցակում:

Նրա խոսքով, քարոզարշավի առաջին շաբաթն արգասաբեր էր: «Ամեն օր մենք հանդիպումներ ենք անցկացնում բակերում, քաղաքացիները կիսվում են իրենց խնդիրներով»,- նշել է Առաքելյանը: Նա շեշտել է տրանսպորտային խնդիրների մասին: «Տրանսպորտային ցանցի կարգավորմամբ պետք է զբաղվի քաղաքապետարանը: Մեր ծրագրի եւս մեկ կարեւոր կետերից է համատիրություններից հրաժարվելու գաղափարը»,- նշել է Առաքելյանը:

Մեսրոպ Առաքելյանը նաեւ արձանագրել է, որ բնակչության զգալի մեծամասնությունը տեղեկացված չէ առաջիկա ընտրությունների վերաբերյալ: «Բակերում հանդիպումների ընթացքում հայտնի դարձավ, որ շատերը կարծում են, թե քաղաքապետ են ընտրում, կամ էլ շրջանային մակարդակի ընտրություններ են անցկացվում»,- նշել է «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչը: