2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիները դժվար թե մանկուց երազում էին զոհվել Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչով, ով պատասխանատու պահին լքեց իր կողմնակիցներին՝ հայտարարելով, որ իրավապահ մարմինները ի վիճակի չեն ապահովել իր անվտանգությունը, թեեւ մինչ այդ հայտարարել էր, թե «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ:
Հակոբյանի գնահատմամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ ներել Րաֆֆի Հովհաննիսյանին ապրիլի 9-ի բողոքի ակցիաների համար, որոնք անցան առանց զոհերի եւ արյունահեղության: «Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ցինիզմի բացարձակ դրսեւորում էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայումս առաջին պառակտիչն է ընդդիմության շարքերում»,-ասաց նա:
Որպես օրինակ Հակոբյանը նշեց, որ բոլոր այն ընդդիմադիր գործիչները, որոնք ՀԱԿ-ի անդամ էին եւ այս կամ այն կերպ շփում են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, չէին հրավիրվել ՀԱԿ համագումարին:
Պատգամավորի խոսքով՝ շատերին նյարդայնացնում է այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «չի վերահսկվում» ոչ իշխանությունների, ոչ էլ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից:
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱԿ-ը չմիացավ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանը, պատասխանել էր. «Իսկ ինչո՞ւ միանայի Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի աղոթեի՞ Վովա Գասպարյանի հետ: Կներեք, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց Վովա Գասպարյանի հետ մոմավառությունն իմ մանկության երազանքը չի եղել»:




























