Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ԲՀԿ-ի հասցեին գովեստի խոսքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ վիրավորանք այդ կուսակցության հասցեին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, նույնանուն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ համագումարում:
Հակոբյանը Տեր-Պետրոսյանի ելույթը բաժանեց երեք մասի՝ գովեստ ԲՀԿ-ի հասցեին, բամբասանք Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին եւ խոսք բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին:
Նրա խոսքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նպատակը ավազակապետական համակարգից այս կամ այն անդամին պոկելն է եւ նրանց իշխելը: Միաժամանակ, ըստ Հակոբյանի, նույն մեթոդը փորձել է կիրառել նաեւ Սերժ Սարգսյանի թիմը: «Դա քաղաքական խաբեբայություն է, սակայն մինչ օրս ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է անխղճորեն օգտագործել ՀԱԿ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ նա հիմա էլ փորձում է նույնը անել»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
«Ժառանգության» փոխնախագահը նաեւ նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն լիներ Գագիկ Ծառուկյանը, ապա ՀԱԿ-ը կաջակցեր նրան: «Չկա ոչ մի երաշխիք, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը գա իշխանության, ապա չի շարունակի այն, ինչ սկսել է 1996-ին, առավել եւս որ նա ներողություն չի խնդրել պետականությանը նման վնաս հասցնելու համար: Բացի այդ, նրա կողքին է մնում նրա «գլխավոր ճարտարապետ» Գագիկ Ջհանգիրյանը, ով երկրում բացասական երեւույթների հիմնադիրն է, որոնք մինչ օրս հնարավոր չէ արմատախիլ անել»,-նշեց նա:




























