Հայկական բանկերի ընթացակարգերի խստությունն անհամատեղելի է հիփոթեքի զարգացման հետ: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը: Նրա խոսքով, վերջին մի քանի տարիներին հիփոթեքային գործարքների միջին ծավալը կազմել է տարեկան ոչ ավելի 2 հազարից, եւ դա բավարար համարվել չի կարող: «Բանկերն այդ շուկան գերակա չեն համարում, ուստի ընդլայնման միջոցառումներ չեն ձեռնարկում»,- ասել է նա:
Ըստ Բաղդասարյանի, հիփոթեքի ակտիվությունը կարելի է բարձրացնել մի քանի անգամ: Դրա համար պայմանները պետք է ավելի մատչելի դառնան, իսկ հաճախորդների գնահատումը` ազատական: «Ֆինանսական հատվածի խստությունը ես վնասակար եմ համարում: Ընդ որում, բանկերն ու ունիվերսալ վարկային կազմակերպություններն իրենց գրեթե նույն կերպ են պահում: Միգուցե ՈՒՎԿ-ների չափորոշիչները մեղմ են, բայց կարող են բարձր լինել ռիսկի պարգեւաճարները: Ընդհանուր առմամբ, գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում»,- ասել է նա:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշել է, թե վարկային պայմանների մեղմացման կարելի է հասնել ոչ միայն դրույքների նվազեցմամբ, այլեւ հիփոթեքի երկարաժամկետ մարման հնարավորությամբ: «ԿԲ-ն բանկերին չի ստիպում վաղաժամ վճարումներ ընդունել, եթե հաճախորդը նման հնարավորություն ունի: Իսկ մեր քաղաքացիների եկամուտները ոչ միշտ են ֆիքսված, հատկապես եթե խոսքը ձեռնարկատիրության մասին է: Իսկ հիփոթեքային վարկերի մարման «լողացող» պայմանների բացակայությունը խանգարում է դրանց ժողովրդականությանը»,- ասել է Մակարյանը:
Նշենք, որ 2013թ. փետրվարին Հայաստանի բանկային համակարգի հիփոթեքային պորտֆելը կազմել է 127.5 մլրդ դրամ, կամ բանկային համակարգի համախառն պորտֆելի 8,2 տոկոսը:




























