«Բարգավաճ Հայաստանը» մտադիր է տեսախցիկներ տեղադրել ընտրատեղամասերում Երեւանի ավագանու ընտրությունների օրը: Այդ մասին ապրիլի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:

Նրա խոսքով, կուսակցությանը շարունակում են մտահոգել ընտրացուցակների հարցը: «Բոլոր թերությունները բացառել հնարավոր չէ, բայց կարելի է նվազագույնի հասցնել»,- ասել է ԲՀԿ ներկայացուցիչը` հավելելով, որ այդ նպատակով աշխատանք է տարվում, ընտրությունների օրը խստացվելու է վերահսկողությունը քվեարկության գործընթացի եւ քվեաթերթիկների հաշվմման վրա:

ԲՀԿ ներկայացուցիչը կրկին հայտարարել է Երեւանի ավագանու ընտրությունների քաղաքական բնույթի մասին: Պատասխանելով դիտարկմանը, թե նախագահական ընտրությունների չմասնակցեցին, բայց այժմ մասնակցում են տեղական ընտրություններին, Ուրիխանյանը հայտարարել է առաջինին չմասնակցելը հիմք չէ երկրորդին չմասնակցելու համար: «Բարգավաճ Հայաստանը» երբեք չի մասնակցել նախագահական ընտրությունների»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ դա չի խանգարել իրենց մեծ թվով ձայներ հավաքել խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Լրագրողների համառ փորձերին` պարզելու, թե ինչու էին ԲՀԿ ներկայացուցիչները նախորդ տարիներին հավանություն տվել քաղաքապետարանի որոշումներին, իսկ այժմ մոլի ընդդիմադիր են դարձել, Ուրիխանյանը պատասխանել է. «Ես քանիցս կրկնել եմ, չեք կարող հասկանալ…»: Նա համենայն դեպս ասել է, թե 90 տոկոսով փոխվել է ԲՀԿ ընտրացուցակը: