Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը Հայաստանի եզդիների ազգային միության անդամների հետ հանդիպման ժամանակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է եզդիաական համայնքին Նոր Տարվա` Տաուսի Մալակի կապակցությամբ եւ փոխանցել Երեւանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վանո Վարդանյանը նշել է, որ հայերի եւ եզդիների դարավոր բարեկամությունը այժմ էլ տարբեր նախաձեռնություններով կյանքի է կոչվում մայրաքաղաքի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում: Վանո Վարդանյանը նաեւ վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում այսուհետ էլ պատրաստ է համագործակցել ու աջակցել եզդիական համայնքի ներկայացուցիչներին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եզդիական համայնքի անդամները ընդգծել են, որ Երեւանն իրենց համար դարձել է մշակութային կենտրոն , ուր ստեղծված են եզդիների ազգային նկարագիրը պահելու բոլոր պայմանները: Միության անդամ Հասան Թամոյանը շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` եզդիների մշակութային կենտրոնի բացմանը աջակցելու պատրաստակամության համար եւ վստահեցրել , որ եզդիական համայնքը մշտապես պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ մայրաքաղաքի հասարակական ու մշակութային կյանքում:




























