Այլ քաղաքական ուժերի համեմատ ՀՅԴ-ի հիմնական առավելությունն այն է, որ Երեւանի ավագանու ընտրություններին, ինչպես եւ բոլոր ընտրություններում, մասնակցում է ողջ թիմով: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
«ՀՅԴ-ի բոլոր հայտնի, ճանաչված, այս կամ այն չափով փորձառու գործիչներին դուք կտեսնեք ընտրություններում, ամեն կարգի մեծ ու փոքր հանդիպումներում, եւ կհամոզվեք, որ մենք ներկայացված ենք ողջ թիմով»,- ասել է Աղվան Վարդանյանը:
Նրա համոզմամբ, ընտրություններն այնքանով են քաղաքական, որ դրանք ներկայացնում են Երեւանի կառավարման խնդիրը: «Երկրում մթնոլորտ է, որի պայմաններում բնակչության զգալի մասը հանդես է գալիս գործող իշխանության դեմ, քաղաքական մենաշնորհի դեմ, եւ այդ դիրքորոշումը հստակ արտահայտվել է նախագահական ընտրությունների ժամանակ»,- ասել է Աղվան Վարդանյանը:
Նա նաեւ հավելել է, որ ՀՅԴ-ն հուսով է, թե Երեւանի բնակչությունը ընտրությունները կդիտարկի ոչ թե որպես մրցակցություն անձերի, այլ քաղաքական ուժերի միջեւ: «Երեւանցիները պետք է գիտակցեն, որ ընտրություններն այս անգամ եւս պետք է լինեն իշխող կուսակցության եւ միակուսակցական համակարգի վստահության հանրաքվե»,- ասել է նա:
Նշենք, որ ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին:




























