Եթե Երեւանի հաջորդ քաղաքապետ դառնա «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորողը, ապա նրան եւ նրա թիմին կհաջողվի Երեւանը դարձնել եվրոպական ստանդարտներով քաղաք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսում նշեց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը:

Հարցին, թե Երեւանի ավագանու ընտրություններում «Առաքելությունը» որքան ձայն ստանալու ակնկալիք ունի եւ ինչի վրա է դրել իր հույսը, նա պատասխանեց, որ իրենք հույս ունեն հաղթահարել 6 տոկոսանոց շեմը: «Ինչ վերաբերում է նրան, թե ինչի վրա ենք հույս դրել, կամ որ բնակչությունը մեզ չի ճանաչում, կասեմ այսպես. Իսկ մինչեւ հիմա ինչ են արել մյուս ուժերը, որպեսզի ընտրողները նախընտրեն իրենց ձայնը նրանց տալ, այլ ոչ թե՝ մեզ»,-ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ «Առաքելությունն» ապագայի կուսակցություն է, «եկել է նոր քաղաքական սերնդի ժամանակը»:

Անդրադառնալով «Առաքելություն» կուսակցության հայացքներին եւ քաղաքական դաշտում իրենց դիրքորոշմանը, Մեսրոպ Առաքելյանը նշեց. «Թեեւ մենք նոր ենք քաղաքական դաշտում եւ ոչ մի խնդիր չունենք որեւէ քաղաքական ուժի հետ, բայց դժվար է լինել երիտասարդ եւ չլինել ընդդիմադիր»: