ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում դրված է ՀՀ «Քրեակատարողական օրենսգրքում» եւ «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ, որով մի շատ ուշագրավ դրույթ է նախատեսվում։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Ըստ այդմ, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, «նախատեսվում է ցմահ ազատազրկման դատապարտված եւ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորություն»։
«Այս փոփոխությունը կվերացնի օրենսդրության մեջ առկա այն թերկարգավորումը, որի պատճառով ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո կարող են պայմանական վաղաժամկետ ազատվել պատիժը կրելուց, սակայն նույն ժամկետից հետո չեն կարող տեղափոխվել ավելի ցածր մեկուսացվածության աստիճան ունեցող ուղղիչ հիմնակ՝ պատիժը կրելու համար: Այսինքն՝ նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար կհեշտացվի բաց, կիսաբաց եւ կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու հնարավորությունը: Այսպես, ցմահ ազատազրկման դատապարտված եւ փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալները հնարավորություն ձեռք կբերեն փոխադրվելու կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն 15 տարին կրելուց հետո (ներկայումս սահմանված 20 տարվա փոխարեն), իսկ բաց ուղղիչ հիմնարկ՝ նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո (ներկայումս այն սահմանված չէ)»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























