Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ժամը 05:30-ի սահմաններում, Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Պտղավան գյուղում գտնվող բենզալցակայանի մոտ, բախվել են վրացական DAV մակնիշի ՏAG-800 համարանիշի ֆուռ բեռնատարը եւ Volkswagen Golf մակնիշի DDՏ-350 համարանիշի ավտոմեքենաները:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 16-րդ կմ-ում բախվել են Volkswagen Golf մակնիշի DDS350 համարանիշի ավտոմեքենան եւ «ԴԱՖ» մակնիշի FAJ800 համարանիշի բեռնատարը (վարորդ` 60-ամյա Գիվի Խուդուլավա), ինչի հետեւանքով Volkswagen Golf-ի (վարորդ` 31-ամյաՍ. Անտոնյան) ուղեւորներ Բ. Կոկոյանը (36-37 տ.) տեղում մահացել է, իսկ ուղեւորներ Կ.Անտոնյանը (1986 թ.) եւ Ա.Շլեփչյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդի քաղաքի հիվանդանոց, որտեղ Կ.Անտոնյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա.Շլեփչյանինը` լավ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Տեղում են նաեւ, նույն վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանը:
Ժամանել են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքի քննիչները, քննիչ Հայկ Ապրիկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:




























