Նոր մանրամասներ են հայտնի դարձել ապրիլի 16-ի երեկոյան Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոի թիվ 27 շենքի բնակարաններից մեկում նռնակի պայթյունի հետ կապված, որից տուժել է երեք մարդ:

Գյումրիի բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ տուժողների կյանքին վտանգ չի սպառնում:

Շենքի հարեւանները NEWS.am-ի թղթակցին պատմեցին, որ նռնակը պայթեցրած տղամարդը հյուրընկալվել է սիրած աղջկա բնակարանում, որտեղ քույր եւ եղբայր են բնակվել: Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել եւ նա առաջին նռնակը պայթեցրել է, իսկ երկրորդը չի հասցրել պայթեցնել: Ոստիկանության Շիրակի բաժնից էլ տեղեկացանք, որ  փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 16-ի երեկոյան Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի թիվ 27 շենքի 33-րդ բնակարանում պայթել է նռնակ, կա 3 տուժած (միջին տարիքի մեկ կին եւ երկու տղամարդ):
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բնակարանում պայթել է «Ֆ-1» տիպի նռնակ, ինչի հետեւանքով` 40-ամյա Հ.Եղիազարյանը, 46-ամյա Հ.Եղիազարյանը եւ 54-ամյա Ե.Թորոսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Տուժածների վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ հերթապահները: