Ապրիլի 5-ի կեսգիշերին վթարի ենթարկված նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանը «Արմենիա» բժշկական կենտրոնի «ռեանիմացիոն դահլիճից» տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» բ/կ-ի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սուրեն Մակարյանը:

Նա նշեց, որ Զոհրաբյանի առողջական վիճակը լավ է, արհեստական շնչառության ապարատն անջատել են: Բաժանմունքի ղեկավարը չնշեց, թե երբ նախկին պատգամավորը դուրս կգրվի հիվանդանոցից` հավելելով, որ դա ցույց կտա ապաքինման ընթացքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի էր ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: Զոհրաբ Զոհրաբյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` գանգուղեղային տրավմա, կրծքավանդակի սալջարդ վնասվածքներով:

Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս): Ոստիկանությունից  NEWS.am-ին հայտնել էին, որ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: