«Երեւան ջուր» ընկերությունը պարտավորվում է Երեւան քաղաքում բոլոր սպառողներին ժամը 7.00-24.00 ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ: Այդ մասին նշված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծում, որը ներառված է հանձնաժողովի ապրիլի 23-ի նիստի օրակարգում; Հաստատվելու դեպքում այն արդեն մայիսին ուժի մեջ կլինի:

Նշված է նաեւ, որ «Երեւան ջուրը» պարտավորվում է սպառողների առնվազն 86,3 տոկոսին, 2014 թ. մայիսի 1-ից՝ սպառողների առնվազն 95,8 տոկոսին, իսկ 2015 թ. մայիսի 1-ից՝ սպառողների առնվազն 99,3 տոկոսին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ:

Բացի այդ՝ սպառողների առնվազն 69,8 տոկոսին, իսկ 2015 թ. մայիսի 1-ից՝ սպառողների առնվազն 84,3 տոկոսին պետք է ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

«Երեւան ջուրը» նաեւ պարտավորվում է բազմաբնակարան շենքերի բոլոր հարկերում ապահովել ջրի բավարար ճնշում: