Արմեն Երիցյանի դեմ մահափորձը կատարվել է դեռ այն ժամանակ, երբ նա Քանաքեռ-Զեյթունում ոստիկանության բաժանմունքի պետ է եղել, սակայն գործը մինչեւ հիմա չի բացահայտվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ ԱԻՆ նախարար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:
Խոսելով տեղի ունեցածի պատճառների մասին, նա ասաց, որ այդ տարիներին հանցավորության դեմ պայքարը շատ լարված է եղել: «Ես այնտեղ մի քիչ խիստ էի պայքարում եւ հարձակվեցին, կրակոցներ եղան բաժանմունքի վրա: 30 փամփուշտ կրակել էին բաժանմունքի վրա: Ես գտնվում էի բաժանմունքում եւ այնտեղ մեջքից վիրավորվեցի: Տեսա կրակոցները որտեղից է գալիս: Մինչեւ վազելով գնացի, արդեն էլ չեմ հիշում: Տարան հիվանդանոց, բայց փամփուշտը չհանեցին՝ ասելով, որ եթե մնա, ավելի անվտանգ է»,- հիշեց Արմեն Երիցյանը:
Հարցին, թե ինչո՞ւ այդ գործը չբացահայտվեց, նա պատասխանեց. «Երեւի լավ չաշխատեցին: Ես որպես պետ, իրավունք չունեի զբաղվելու: Պետք է լավ աշխատեին: Երեւի ինչ-որ տեղ թերացան, բայց հուսով եմ, որ մի օր կբացահայտվի այդ հանցագործության դեպքը: Եթե հանցագործությունը քեզ հետ է կապված, կարծում եմ, քո տեղակալները, գործընկերները պետք է զբաղվեն, այլ ոչ թե՝ դու»:




























