Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանն այժմ հանգստանում է եւ չի ցանկանում մեկնաբանել ոստիկանության հայտարարությունը եւ հիմնավորումները` իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Ներսես Նազարյանը: «Ես ծանոթ չեմ այդ մեկնաբանություններին եւ մեկնաբանություն անել էլ չեմ ցանկանում»,- ասաց նա:

Նա համաձայն չէ ոստիկանության հետ, ըստ որի` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երեւան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է: Այս հարցի վերաբերյալ նա ընդամենը մեկ բառ ասաց` «Բացարձակ»:

Ինչ վերաբերում է ոտսիկանության հայտարարության մյուս կետին` ծառայության եւ բիզնեսի սերտաճման մասին, Ներսես Նազարյանը պարզաբանեց. «Իմ տղան ի՞նչ կապ ունի համակարգի հետ, եթե ինքը բիզնեսով զբաղվում է, իրավունք ունի զբաղվելու: Ինձ համար արգելանք չի հանդիսանում, եթե իմ տղան զբաղվում է բիզնեսով, դա ինձ հետ ոչ մի կապ չունի, ես էլ դրա հետ ոչ մի կապ չունեմ»,- ասաց նա` շեշտելով, որ ինքը «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի եւ առհասարակ որեւէ բիզնեսի հետ որեւէ կապ չունի:

Ներսես Նազարյանը հերքեց նաեւ «ֆինանսական բուրգի» մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները եւ իր մասնակցությունը դրան: «Դա հերյուրանքներ են, նույնիսկ չեմ ուզում պատասխանել այդ հարցին»:

Նշենք, որ Հայաստանի ոստիկանությունը պարզաբանել է Երեւանի ոստիկանապետի պաշտոնից Ներսես Նազարյանին ազատելու մասին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշումը: Ըստ այդմ նշվում է, որ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելն «աշխատանքային մոտեցում է եւ լիովին տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության եւ կադրային քաղաքականության շրջանակներում»: «Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության եւ բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տեւական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի եւ ծառայողական գործունեության արդյունքների վրա: Տվյալ դեպքում, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երեւան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, ինչն անթույլատրելի է, եւ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: