Ոստիկանության ակադեմիայի տնօրեն Հովհաննես Վարյանը, մեղմ ասած, բորբոքվեց իր պաշտոնանկության մասին հարցը լսելով: NEWS.am-ի թղթակիցը զանգահարեց նրան` փորձելով ճշտել, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում նրա պաշտոնանկության մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: Նա, հարցը լսելուն պես, բորբոքվեց եւ այսպես արձագանքեց, աստիճանաբար ձայնը բարձրացնելով. «Կարո՞ղ եք ինձ հանգիստ թողնել: Հարց եմ տալիս` կարո՞ղ եք ինձ հանգիստ թողնել»:
Դիտարկմանը, թե մենք պարզապես ցանկանում էինք ճշտել ձեր պաշտոնանկության մասին լուրերը, ապագա ոստիկաններին կրթող Վարյանն ասաց. «Դե հաջողություն ձեզ» եւ անջատեց հեռախոսը:
Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, թե Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունից հետո լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ շուտով պաշտոնանկ կարվեն նաեւ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Խոսք էր գնում մասնավորապես ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի, Հունան Պողոսյանի, Ոստիկանական ակադեմիայի տնօրեն Հովհաննես Վարյանի եւ էլի մի քանի բարձրաստիճան ոստիկանների մասին:




























