51-ամյա Գագիկ Սուլյանը հանդիսանալով Հայաստանի ՊՆ N զորամասի մայոր եւ նկատելով, որ շարքային զինծառայողներից Միշա Նահապետյանը ցանկանում է վերցնել զինծառայողների հին կիսաճտքավոր կոշիկներից մեկը, հայհոյել եւ ծեծել է նրան: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

51-ամյա Գագիկ Սուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր զորամասի հրաձգային գումարտակի 2-րդ վաշտի զորանոցի միջանցքում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` զինծառայողներին նոր կիսաճտքավոր կոշիկներ տրամադրելու ժամանակ նկատելով, որ նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի գնդացրորդ, շարքային, ստորադրյալ Միշա Սեյրանի Նահապետյանը շարքից դուրս գալով ցանկանամ է իրենից աննկատ վերցնել զինծառայողների հին կիսաճտքավոր կոշիկներից մեկ զույգ, բարկացել է:

Նա  շարքային Միշա Նահապետյանի հասցեին հայհոյանք է տվել եւ մեկ անգամ ապտակել, դրանով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը: Քրեական գործ է հարուցվել 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով:

Դատական առաջին քննությունը տեղի է ունեցել ապրիլի 17-ին: Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննության օրը: