«Հանրապետություն» կուսակցությունը այս պահին չի ցանկանում մեկնաբանել ՀԱԿ դաշինքի հայտարարությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Հանրապետություն» կուսակցությունից` անդրադառնալով Հայ ազգային կոնգրես դաշինքի` ՀԱԿ-ից դուրս եկած ուժերին վերադառնալու եւ միասին աշխատանքները վերսկսելու մասին հայտարարությանը:
Նրանց փոխանցմամբ` անհրաժեշտության դեպքում, եթե հարմար գտնեն՝ կքննարկեն:
Նշենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների միավորման քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: «Հայ ազգային կոնգրեսի կողմից նախկինում ձեւավորված մարմինները լուծարվում են: Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները: Հայ ազգային կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ ազգային կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:
Հայ ազգային կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային Ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության եւ ընտրական հանձնաժողովներում Հայ ազգային կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»,-ասված է հայտարարության մեջ:
ՀԱԿ դաշինքի տարածած հայտարարությանը միացել է 5 կուսակցությունը` «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդը», «Ժողովրդավարական հայրենիքը», «Ժողովրդական ուղին», «Մարդու իրավունքներ 96-ը», Կանաչների կուսակցությունը:




























