Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանն իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերն անհեթեթություն որակեց: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Չկա այդպիսի բան, անհեթեթություն է»:

Նա նշեց, որ իրեն այդ մասին ղեկավարությունը որեւէ բան չի ասել: Դիտարկմանը, թե դա կապվում է ոստիկանությունում վերջին շրջանում սկսված պաշտոնանկությունների, մասնավորապես Ներսես Նազարյանի պաշտոնանկության հետ, Բաբակեխյանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունեմ ես Ներսես Նազարյանի հետ: Ազգականներ ենք, բայց դա ի՞նչ կապ ունի, Նազարյանն իր տեղն ունի, ես` իմ»:

Նշենք, որ ոստիկանությունում վերջին շրջանում սկսվել է պաշտոնանկությունների շարք: Ամեն օր լրատվամիջոցներում շրջանառվում են իրենց պաշտոնը լքող հավանական թեկնածուների նոր անուններ: Ոտիկանապետի հրամանով` ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել Երեւանի ոստիկանապետ: Իսկ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը ազատվել է այդ պաշտոնից` գրանցվելով կադրերի ռեզերվում: Աշոտ Կարապետյանի պաշտոնին նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Զաքարյանն` ազատվելով այդ պաշտոնից: Իսկ Արամ Զաքարյանին կփոխարինի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Գագիկ Ավետիսյանը: