ՀՅԴ-ի համար այս ընտրությունների կարեւորությունը դժվար է գերագնահատել։ Այդ մասին գրում  է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Խոսքը չի գնում միայն Երեւանի ավագանիում խմբակցություն ունենալու մասին։ Եթե 2009 թվականին երիտդաշնակցական Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ Դաշնակցականները տապալեցին ընտրությունները, ապա այս անգամ ՀՅԴ-ն մարտի է նետել իր հիմնական ծանր հրետանին՝ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ:

«ՉԻ» տեղեկություններով՝ եթե ՀՅԴ հին գվարդիային չհաջողվի հաղթահարել 6 տոկոսի շեմը, ապա ՀՅԴ-ի ներսում հնարավոր են կտրուկ զարգացումներ, եւ շարքերը, որոնց համբերության բաժակը լցվել է, պահանջելու են ՀՅԴ ղեկավար անձնակազմի փոփոխություն: Ըստ այդմ՝ ՀՅԴ-ականներից շատերն այս  օրերին  իրար մեջ քննարկումների ժամանակ տեսակետ են հնչեցնում, թե Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի եւ Արսեն Համբարձումյանի համար գալիք ընտրությունները իրականում  ՀՀ   քաղաքական դաշտում մնալ չմնալու ընտրություններ են»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։