Բոլոր այն խոսակցությունները, որ մենք պետք է ինչ-որ նոր փաստաթղթեր վավերացնենք, արհեստականորեն կհեռացնեն Ջավախքը Վրաստանից: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` Ախալքալաք կատարած այցի ժամանակ:
Նրա խոսքով` ինքը կողմ է Ռուսաստանի հետ բաց առեւտրային եւ մշակութային հարաբերություններին, բայց «Ռուսաստանից ինքնաիշխանության թեմաներով խաղերը, Եվրոպայի հետ հարաբերություններին երկակի մոտեցումը խրթին խնդիրներ կառաջացնեն, եթե այդ ամենը ժամանակին չդադարեցնենք այս շրջանում», հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Այս մասին խոսում եմ գործին լավատեղյակ լինելով, քանի որ իրոք Վրաստանի այս շրջանի զարգացման եւ հաստատման համար հոգի եւ սիրտ եմ դրել: Սա Վրաստանի ժամանակակից պատմության չընթերցված մասերից մեկն է: Ինչ է այստեղ կատարվել, ինչպես ենք հասել այս ամենին: Այժմ աղմուկ հանելով` ամեն ինչ հնարավոր է կորցնել, եթե Վրաստանը չպահպանի իր ինքնիշխանությունը եւ եվրոպական կուրսը: Սա մեր ժողովուրդն է եւ նրան պետք է պաշտպանել ու թույլ չտալ օտարին` խառնվել այստեղ: Իսկ դա նույնիսկ հնարավոր է: Քանի դեռ ես նախագահ եմ, դա չի կատարվի, բայց միտումները մենք միասին պետք է կասեցնենք, քանի որ Վրաստանի ճակատագիրը որոշվում է նաեւ Ջավախքում»,- հայտարարել է Սահակաշվիլին:




























