Ողջ աշխարհում կարեւորվում են քաղաքացիական դիմադրության շարժումները, որոնք թույլ են տալիս ոչ բռնի միջոցներով հասնել փոփոխությունների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար Մանվել Սարգսյանը՝ ՌԱՀՀԿ-ում այցկացված սեմինար-քննարկման ժամանակ: Քննարկման առանցքում եղել են ոչ բռնի պայքարի պատմական նշանակության դեպքերը, որոնք հնարավորություն են տվել հասարակ քաղաքացիներին չհնազանդվելու իրենց ճնշող ղեկավարներին ոչ թե զենքի, այլ պայքարի ոչ բռնի եղանակների կիրարկման միջոցով:
Քաղաքացիական ոչ բռնի շարժումների հիմքում ընկած այս գաղափարներն էր արծարծում Չիլիի՝ ոչ բռնի քայլերի միջոցով անհողդողդ թվացող բռնատիրական վարչակարգի թուլացման եւ փոխարինման փորձառության մասին պատմող վավերագրական կինոնկարը, որը ցուցադրվել է միջոցառման ընթացքում՝ դառնալով քննարկման կիզակետը:
«Թեեւ ժամանակի, տեղի եւ քաղաքական միջավայրերի տարբերություններին՝ նրանցից յուրաքանչյուրը բխեցրել է ընտրության մի շղթա՝ ինչ անել եւ ինչպես օգտագործել առկա հնարավորություններն արդյունք ստանալու համար»,-ասել է Սարգսյանը:
ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանն իր հերթին նշել է Հայաստանի սոցիալ- քաղաքական միջավայրում քաղաքացիական նախաձեռնությունների ծավալման կարեւորությունը՝ միտված հանրային գիտակցության բարձրացմանը եւ ժողովրդավարության աջակցությանը: «Քաղաքացիականի տիրույթում է ժողովրդավարության եւ ազատության պայքարի նախաձեռնումը, եթե մասնակիցները օժտված լինեն համապատասխան գիտելիքով՝ ինչպես օգտագործել ռազմավարական ոչ բռնի դիմադրության գործիքակազմը»,-ասել է նա:
Քննարկման ավարտին ծավալված հարցուպատասխանին մասնակցող երիտասարդ ակտիվիստները համաձայնեցին, որ ոչ բռնի դիմակայությունն արժանի է ավելի մեծ ուշադրության, քան այն մինչ այժմ ստացել է:




























