Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է զոհել իր երկրի շահերը իշխանության ղեկին գտնվելու համար, սակայն անգամ նրա ներիքն քաղաքականությունը դատապարտված է ձախողման: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական «Ալ-Իբհարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, Թուրքիայիս ներկայիս իշխանությունները հռչակել են «Զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսը, որը իրականում վերածվել է «Զրո քաղաքականություն, զրո բարեկամներ եւ զրո բարոյականություն» կարգախոսի: Պատասխանելով հակամարտության մեջ սիրիացի քրդերի դերի մասին հարցին` Ասադը նկատել է, թե նրանք տարածաշրջանում դարերով են ապրել: «Սիրիական քրդերի մեծամասնությունը հայրենասերներ են, չնայած յուրաքանչյուր հասարակությունում էլ անջատողականներ կան: Նախկինում որոշ, այսպես կոչված, քրդական կուսակցություններ հայտարարում էին, թե սիրիական քրդերը ճնշման տակ են: Սակայն պետությունն արդեն լուծել է նրանց քաղաքացիության հարցը, քրդերեն լեզուն եւ գրականությունը դասավանդվելու են սիրիական բուհերի հումանիտար ֆակուլտետներում: Բայց անջատողականները միշտ նոր պատրվակներ կփնտրեն, որ օգտագործեն դա Սիրիայի դեմ: Դա մեզ չի մտահագում, քանի որ քրդերի մեծ մասը հավատարիմ է հայրենիքին` Սիրիային»,- ըստ ՍԱՆԱ գործակալության ասել է Ասադը:
Նա նաեւ նշել է, թե Էրդողանը փորձում է ճնշում բանեցնել իր վրա, սակայն քրդական հարցը Սիրիայում տարբերվում է քրդական հարցից Թուրքիայում, եւ նրա քաղաքականությունը ձախողվելու է:




























