Երեւանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները որոշում են ոչ միայն մայրաքաղաքի ապագան, այլեւ՝ ողջ երկրի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Հանդիպմանը մասնակցել են Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿի համամասնական ցուցակում առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնող Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը։

Նկատելով, որ բոլոր թեկնածուների ծրագրի տեսլականում բարի նպատակներ են, ԲՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ կարեւոր է որոշակիացնել, թե որ քաղաքական ուժն է ի վիճակի իրագործել խոստացածը, ով է արդեն ապացուցել, որ իր խոսքը համընկնում է գործի հետ։ Նաիրա Զոհրաբյանը նկատել է, որ «կառավարության՝ փոքր եւ միջին բիզնեսի հանդեպ չակերտավոր հոգատար վերաբերմունքի մասին բոլորը գիտեն՝ ամեն օր փակվում են հարյուրավոր նման արտադրություններ եւ աճում է արտագաղթը»։

Այս առումով նա հիշեցրել է, որ կառավարությունը բազմիցս մերժել է փոքր եւ միջին բիզնեսի վիճակի բարելավմանն ուղղված՝ ԲՀԿ նախաձեռնությունները։ «Միգուցե կառավարությունն այլ, ավելի բարձր գերակայություննե՞ր ունի»,- ասել է Նաիրա Զոհրաբյանն, ու ինքն էլ պատասխանել իր հարցին՝ հիշեցնելով հարյուր հազարավոր դոլար արժեցող երկու բիոզուգարանի գնումը, ընդ որում, զուգարանները մինչ օրս չեն գործում։ Եւս մեկ գերակայություն է ծովագնացության զարգացումը։ «Այս տրամաբանությամբ միջոցներ կարելի է առանձնացնել տիեզերագնացության համար։ Հավանաբար, երկրորդ դեպքում ավելի շատ օգուտ կլիներ», - նկատել է Զոհրաբյանը։