Ես արդեն համարյա դավիթաշենցի եմ: Այս մասին, այսօր` ապրիլի 18-ին, Դավիթաշեն թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար, ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը: Նրա խոսքով՝ երբ իրեն հարցնում են, թե հեռու չի՞ քո նախարարությունը, ասում է՝ ումի՞ց, որտեղի՞ց: «Դավիթաշենը նույն Երեւան քաղաքն է: Կարծում եմ՝ դավիթաշենցիները պետք է հպարտանան, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը Դավիթաշենում է, իսկ ԱԻՆ-ի աշխատակիցները պետք է հպարտանան, որ Դավիթաշենում ենք ու դավիթաշենցի ենք: Ես սիրահարվել եմ իմ Դավիթաշենին: Ժողովուրդը շատ բարի է», ասաց Արմեն Երիցյանը:

Երեւանի քաղաքապետ ընտրվելու դեպքում, նա խոստացավ, որ առաջին հերթին պետք է կարգ ու կանոն լինի վերեւներում, որ ներքեւներում ենթակաները նորմալ  աշխատեն: Երիցյանը պատմեց, որ իր դուստրը տարիներ առաջ, երբ դպրոցական էր, իսկ ինքն էլ աշխատում էր ոստիկանությունում, մի օր իրենից հարցրել է կաշառք վերցնո՞ւմ է, թե՝ ոչ: «Դա ի՞նչ է նշանակում, որ դպրոցում խոսել են, թե եթե հայրդ ոստիկան է, նշանակում է կաշառակեր է: Բայց այդես չի, չէ՞: Այնպես պետք է անենք, որ մեր երեխաների աչքերին կարողանանք նայել», -ավելացրեց Արմեն Երիցյանը: