ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է ՀՅԴ համամասնական ցուցակը, հրավեր է ստացել «Ժառանգություն» կուսակցության առաջանորդ Րաֆֆի Հովհաննիսյանից եւ ապրիլի 19-ին անձամբ ներկա է լինելու վերջինիս կողմից հրավիրված կլոր սեղանին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, հայտարարեց Արմեն Ռուստամյանը՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք պատրաստ ենք վաղը կայանալիք կլոր սեղանի ընթացքում ներկայացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու մեր առաջարկներն ու լուծումները: Ես հիմնավոր կերպով կբացատրեմ, թե ինչպիսին պետք է լինի ճիշտ ուղին, քանի որ իրականում մենք կորցրեցինք մեկ շանս: Եթե մենք ուզում ենք փոխել իրավիճակը երկրում, ամենահեշտ ուղին սկսվում է Երեւան քաղաքից»,-ասաց Ռուստամյանը: Նրա համոզմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորեր համամասնական ցուցակը, իսկ մնացած ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ներառվեին այդ ցուցակում եւ ժողովուրդը հստակ կիմանար, որ այդ ցուցակում գտնվող մարդիկ գնում են քաղաքային իշխանություններին փոխելու, որպեսզի հետո փոխեն իշխանությունը Հայաստանում:
«Մայրաքաղաքը շատ կարեւոր նշանակություն ունի եւ ամենաքաղաքականացված տարածքն է, առավել եւս, Հայաստանի համար: Կարծում եմ՝ այդ ամենը չնկատելը մեծ սխալ էր»,-հայտարարեց դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանդիպմանը եւս մեկ անգամ կփորձի հիմնավորել, որ ընդդիմության միավորումը դեռ հնարավոր է եւ հետընտրական միությունը պետք է կազմավորվի:
Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ սխալ էր Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումը, ըստ որի միասնական ցուցակը կարող է ստվեր գցել նախագահական ընտրություններում իր հաղթանակի վրա:



























