Ինչպես յուրաքանչյուր կառավարություն, այս կառավարությունը եւս ունեցել է իր բացթողումները, բայց հիմնականում Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարողացել է լուծել հիմնական մարտահարավերները: Այս մասին այսօր` ապրիլի 18-ին, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ հուսով են, որ ավելի մեծ էներգիայով Տիգրան Սարգսյանին կհաջողվի էլ ավելի մեծ ցուցանիշ ապահովել:

«2012թ-ին նախագահը հստակ խնդիր էր դրել, որ տնտեսական աճը լինի ոչ պակաս քան 7 տոկոս եւ բոլոր խնդիրներով հանդերձ, Տիգրան Սարգսյանին դա հաջողվեց: Այս անգամ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում խնդիր է դրվել, որ թե սոցիալական քաղաքականության առումով, թե արտագաղթի կանխարգելման, թե տնտեսական աճի եւ նոր աշխատատեղերի առումով կառավարությունը շատ ավելի արդյունավետ պետք է աշխատի: Այս անգամ եւս նախագահը խնդիր է դրել վարչապետի առջեւ, որ տնտեսական աճը 7 տոկոսից պակաս չլինի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Արձագանքելով ԲՀԿ-ի այն դիտարկումներին, թե վարչապետի վերանշանակումը ապտակ կլինի մեր հասարակությանը, Շարմազանովն արձագանքեց. «Աշխարհի յուրաքանչյուր երկրում քաղաքական ընդդիմության գործառույթներից մեկը խիստ քննադատնելն է քաղաքական իշխանությանը եւ մեր երկիրը բացառություն չէ: Այո, մենք ասում են, որ մեր երկրում  կան բազմաթիվ խնդիրներ, բայց Տիգրան Սարգսյանի կառավարությանը հաջղվել է ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներից հետո ապահովել որոշակի աճ եւ մենք հավատում ենք, որ թե Տիգրան Սարգսյանի փորձառությունը, թե մեր թիմի միասնական աշխատանքը հասարակության հետ միասին կարող ենք ունենալ շատ ավելի լավ արդյուքներ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: