ՀՅԴ-ն վաղուց է հանդես եկել հետընտրական միության մասին հայտարարությամբ` նշելով, որ եթե նախընտրական միությունը չի կայացել, դեռ ոչինչ  կորած չէ եւ կարելի է միավորվել Երեւանի ավագանու ներսում: Այս մասին ապրիլի 18 –ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Երեւանի ավագանու համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը`պատասխանով երկրի ընդդիմադիր ուժերի միջեւ քննարկումների գործընթացի մասին NEWS.am –ի հարցին:

Նրա խոսքով` կարեւոր է, որ լուրջ քաղաքական ուժերը հայտարարություն անեն հետընտրական միության մասին եւ պարտադիր չէ, որ նրանք միավորման մասին որեւէ փաստաթուղթ ստորագրեն: «Քաղաքական ուժերից յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր հայտարարություններին  հակասող գործունեությունը նրան քաղաքական դիակի կվերածի»,-նշեց Ա. Ռուստամյանը` ավելացնելով, որ անտրամաբանական կլինի, եթե  Երեւանի ավագանիում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժերը  քաղաքապետ չընտրեն, դա կնշանակի, որ նրանք գործում են իրենք իրենց դեմ: «Նման սցենարը հնարավոր կլինի միայն իշխանության  հետ ընդդիմադիր ուժերի գաղտնի բանակցությունների դեպքում: Մեր հիմնական նպատակը ընտրությունները  իշխանության նկատմամբ անվստահության հանրաքվեի վերածումն է, դա հաջողություն կբերի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին»,-հայտարարեց Ա. Ռուստամյանը:

Նրա համոզմամբ` հետընտրական փուլում ընդդիմության միավորման սցենարը բավականին իրատեսական է, քանի որ ներկայիս դրությամբ ոչ մի քաղաքական ուժ չի կարող 50% -ից ավելի ներկայություն ապահովել Երեւանի ավագանիում, իսկ եթե ՀՀԿ-ն ու «Օրինաց երկիրը» միասին 50% չունեն, ապա այդ տոկոսը կունենան մյուս ուժերը` միավորվելով եւ քաղաքապետ ընտրելով»,-ընդգծեց Ա. Ռուստամյանը: