Տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավարտվել է։ Այս մասին փետրվարի 22-ին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ նշելով, որ նախորդ տարվա հունվար ամսի համեմատ արդեն 2,1 տոկոս տնտեսական աճ է գրանցվել։ «Նախորդ տարի միայն երեսուն միլիոն դոլարի տեխնիկա եւ սարքավորում է ներմուծվել Հայաստան, իսկ դա նշանակում է, որ արտադրողականության աճի արդյունքը մենք կտեսնենք այս տարի, եւ այդ աճը դրա ապացույցն է»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ աճը հիմնականում ապահովել է արդյունաբերության ոլորտը։
Ըստ Երիցյանի՝ շինարարության ոլորտը շարունակում է անկում ապրել։ Հարցին, թե կառավարությունն այդ դեպքում ինչու օգնեց կապիտալ շինարարության ոլորտին՝ միջոցներ տրամադրելով արտաքին վարկերից, Երիցյանը պատասխանեց, «որ հնարավոր լիներ խուսափել սոցիալական կոլապսից»։ «Կառավարությունը պարզապես փորձեց փրկել շինարարության ոլորտը, քանի որ չէինք կարող թողնել, որ տնտեսության այդ ճյուղն ամբողջությամբ կործանվեր»,- ասաց էկոնոմիկայի նախարարը՝ ավելացնելով, որ կառավարության կատարած ենթակառուցվածքային ծախսերը եւս կնպաստեն տնտեսական աճին։




























