Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնությամբ, ապրիլի 16-17-ին, տեղի է ունեցել Հայ եկեղեցու Ծիսական հարցերի հանձնախմբի հերթական հանդիպումը:

Նախքան ժողովը հանձնախմբի անդամներին ընդունել է եւ իր օրհնությունը բերել Գարեգին Բ-ն:

Հանձնախումբը  քննարկել եւ վերջնական տեսքի է բերել Ս. Մկրտության արարողության միասնական տարբերակը, Մկրտության ծեսին առնչված կանոնական հարցերի ուղեցույցը եւ նախամկրտական ուսուցողական ձեռնարկը:

Այնուհետեւ արձանագրվել է, որ Սուրբ Մկրտության արարողության փաստաթղթերի փաթեթն արդեն իսկ առաքվել է Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց  դասին` սահմանված ժամկետում դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնելու համար: Այս առումով հանձնախումբը որոշել է սահմանել առաջարկությունների ու դիտողությունների խմբավորման ու քննարկման կարգը եւ հետագա աշխատանքների ժամանակացույցը:

Նկատի առնելով, որ մկրտության արարողության փաստաթղթերի փաթեթը ներկայացվելու է առաջիկա սեպտեմբերի 23-29-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելիք Եպիսկոպոսաց ընդհանուր ժողովի քննարկմանը, հանձնախումբը որոշակիացրել է նաեւ Եպիսկոպոսաց ժողովում փաստաթղթի փաթեթի քննարկման կարգը: 

Հանձնախմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա հունիսի 26-28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մայրավանքում: