Հայաստանի քաղաքական դաշտում, սկսած այս պահից, ժողովրդի սահմանադրական պահանջով ձեւավորվում է ազգային քաղաքացիական «Նոր Հայաստան» շարժումը: Այդ մասին ապրիլի 19-ին իր կողմնակիցների համաժողովում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսանը: Նրա խոսքով, անհրաժեշտ է մշակել իշխանության դեմ պայքարի ռազմավարություն, որ վերջինս չկարողանա ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ:

«Սերժ Սարգսյանը չի պատկերացնում, որ իշխանությունից դժգոհ մարդիկ միայն Ազատության հրապարակում հավաքավողները չեն, այլ նրանք, ովքեր ապրում են երկրի ամենատարբեր շրջաններում, անգամ սփյուռքում»,- ասել է Հովհաննիսյանը: Նա նաեւ մեղադրել է իշխանություններին սադրիչների օգնությանը դիմելու մեջ, որոնք հաշված րոպեների ընթացքում կարող են խաղաղ երթը անկարգությունների վերածել: Իսկ ոստիկանությունն իր հերթին պատրաստ է բոլոր ուժերով պաշտպանել ապօրինի իշխանությանը ժողովրդից:

Հովհաննիսյանի խոսքով, իշխանության դեմ պայքարի մեթոդները բազմազան են` սկսած ժողվրդի օրինական պահանջից, վերջացրած բողոքի գործողություններով: «Իշխանությունը պետք է գիտակցի, որ կամ պարտավոր են ծառայել ժողովրդին, կամ ընդմիշտ լքելու է երկիրը»,- ասել է նա:

Նա նաեւ հայտնել է, որ հանդիպման վերջում կներկայացնի հետագա գործողությունների հռչակագիրը:

Նշենք, որ համաժողովին մասնակցում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: