Հայաստանում ընդդիմությունը պետք է միավորվեր նախագահական ընտրություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ պատասխանելով Երեւանի ավագանու ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի միավորման հավանականության մասին հարցին:

«Երեւանի ավագանու ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի միավորումն անհնար է: Նույնիսկ եթե դա տեղի ունենա, եւ ընդդիմությունը որոշակի առավելություն ստանա, դա ոչինչ չի փոխի»,-ընդգծել է կոմունիստ գործիչը:

Նրա խոսքով՝ թեեւ նման քննարկումներ են ընթանում, սակայն ընդդիմության միավորումը քիչ հավանական է, քանի որ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն հայտարարում է, որ հենց իր ցուցակի առաջին համարն է արժանի քաղաքապետի պաշտոնին: «Նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի միջեւ լարվածությունը դեռ աճելու է: Միայն մայիսի 5-ից հետո պարզ կլինի, ով էր ճիշտ, եւ ով՝ սխալ»,-ասել է Թովմասյանը՝ հիշեցնելով, որ Կոմկուսը չի մասնակցում այդ ընտրություններին:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին: