Վրաստանի Ազգային միացյալ կուսակցությունը սկսում է իր ազգային շարումը երկրում, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թբիլիսիում այսօր իր կողմնակիցների կազմակերպած հանրահավաքի ընթացքում: Ազգային շարժումը գլխավորելու է խորհրդարանական փոքրամասնության ղեկավար Դավիթ Բաքրաձեն:

Նախագահը նշել է, թե այսօրվա կառավարության բախտը բերել է, որ Ռուսթավելիի պողոտայում չար մարդիկ չեն հավաքվել: «Երբ մենք կառավարության մեջ էինք, չար ընդդիմություն ունեինք, այսօր հակառակն է` մենք հույսերով լեցուն ընդդիմություն ենք, եւ չգիտես ինչու` չար կառավարություն ենք ստացել»,- ասել է նա:

Սահակաշվիլին հայտարարել է, թե Վրաստանում կան մարդիկ, ովքեր չեն վաճառվում:

Վրաստանի նախագահը մեկնաբանել է նաեւ Պետական պահպանության ծառայության ծախպսերի մասին վերջին զեկույցը, ըստ որի իր կառավարությունը գումարներ է վատնել: «4,5 տարի առաջ Վրաստանին օգնության եկավ ոչ թե Լեոնիդ Ագուտինը, այլ Լեխ կաչինսկին, Վիկտոր Յուշչենկոն, Նիկոլա Սարկոզին եւ Ջո Բայդենը: Անազնիվ կլիներ, որ մեզ հակաօդային պաշտպանության համակարգեր տված մարդուն օճառի եւ շամպունի հաշվի ուղարկեինք»,- ասել է նա: