Բնապահպանության նախարարությունում այսօր՝ ապրիլի 19-ին, տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծի մասնագիտական լսումները:

Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ Արամ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվող մասնագիտական լսումների ընթացքում «Մեգո Գոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը ներկայացրել է այն փաստաթղթերի փաթեթը, որով նախատեսվում է հանքի պոչամբարի շահագործումը: Մասնագիտական լսման ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը ներկայացրել են իրենց առաջարկները, դիտողություններն ու մասնագիտական կարծիքները պոչամբարի շահագործման շուրջ: Նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել է հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ամենասեղմ ժամկետներում, գրավոր ներկայացնել բոլոր առաջարկություններն ու կարծիքները, որից հետո կտրվի համապատասխան եզրակացություն:

Ավարտին Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնագիտական քննարկմանը մասնակցելու եւ մասնագիտական կարծիքներ հայտնելու համար եւ նշել, որ գոհ է հանրային լսման ընթացքից:

Մասնագիտական լսումներին մասնավորապես մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ Լյովա Խաչատրյանը եւ Նիկոլ Փաշինյանը, Բնապահապանության, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունների, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը,  «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Հայաստանի Օրհուս կենտրոնների ԻՏ փորձագետ Նատալիա Մանուկյանը,  Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Նաիրա Մանդալյանը, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը, Երեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ  Գրետա Գաբրիելյանը, Հայաստանի Օրհուս կենտրոնների հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարի Չաքրյանը: