ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գոհ է Կառավարության, նրա ղեկավարի աշխատանքից եւ նորմալ է համարում նրանց հասցեին հնչող քննադատությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ «ընդդիմությունը հենց նրա համար է, որ քննադատեն, ում էլ որ ընտրելու լինեինք, բնական է, պետք է քննադատեին, ընդդիմությունն իր գործն է կատարում»: Դիտարկմանը, թե վարչապետով հիացած չէ նույնիսկ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը, պատգամավորը նկատեց, որ բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ եղել են, եւ ՕԵԿ-ը` որպես քաղաքական ուժ, դրական որոշում է կայացրել, այլ հարց է, որ որեւէ ՕԵԿ-ական անտրամաբանական բան է ասում: «Ես կարծում եմ, որ բոլորը, եթե ընդդիմադիր են, պիտի քննադատեն, որովհետեւ ընդդիմադիրների գործը քննադատելն է, ոչ թե գովելը, իսկ մենք հաշվեկշռել ենք կառավարության եւ իր աշխատանքը եւ դրական որոշում ենք կայացրել»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե քաղաքական ուժերը Տիգրան Սարգսյանին քննադատում են միայն ընդդիմադիր լինելո՞ւ պատճառով, որեւէ հիմք չկա՞ դրա համար, նա պատասխանեց, որ եթե որեւէ խնդիր ունենում են, բնականաբար ընթացքում վերլուծում են, խոսում են, իրենց կարծիքն ասում են, ինչքան շատ աշխատանք, այնքան թերություններ, որոնց դեմը փորձում են առնել:
«Ես ընդհանրապես գոհ եմ կառավարության աշխատանքից, այն հրաշալի խոսքերը, որ պնդում են, թե ընդդիմությունն ավելի լավ կղեկավարի, բարձր կառավարման մեխանիզմներ ունի, մեծամասամբ ընդդիմության կազմում են մարդիկ, որոնք տարբեր ժամանակաշրջանում պաշտոնավարել են»,- ասաց Գալուստ Սահակյանը` հիշեցնելով վերջիններիս, թե ինչպիսի պայմաններում է ՀՀԿ-ն վերցրել իշխանությունը եւ այսօր իշխանությունն ինչպիսին է, «բյուջեն չէր կատարվում, սեգմենտային իրավիճակ էր, ժողովրդին պարտք էր, Երեւանում քայլել չէր լինի, ամբողջը փոսեր էին, այս ամեն ինչը հաղթահարելով եկել ենք»:
Պատգամավորը վստահ է, որ այն նահանջը, որ ունեցան, կարողացան բարելավել եւ այսօր էլ միտված են բարելավելու: «Երազները այլ բան են, այլ բան է հնարավորություններն օգտագործել եւ ուժեղացնել պետությունը: Լավ թեկնածուից ավելի լավն էր կարող լինել, համենայն դեպս, քննարկել ենք եւ որոշակի հանգամանքերի առումով գնահատել ենք եւ իր, եւ կառավարության աշխատանքը»,- ասաց Գալուստ Սահակյանը:




























