Հայ արիներն ու ազգայնականներն, այսօր՝ ապրիլի 20-ին նշել են Գարնանային Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի հրաշագործության տոնը: Կազմակերպիչները Հայ արիական միաբանությունն ու Հայ ազգայնականների համախմբումն են:

Հերթական անգամ ապրիլյան Գարնանային օրահավասարին՝ Լուսնի լրման օրվա կիզակետին, Մեծամորի պատմական տարածքում նշվել է ավանդական Զատիկի տոնը: 

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն՝ Արմոգ, Արամ եւ Արեգ քրմերի առաջնորդությամբ:

Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են Մայր Անահիտին, ով իր Աստվածային գործառույթով ապահովում է Մայր Բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Հայոց Աստվածամայրը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ մեր փառահեղ նախնիները Մայր Անահիտին են դիմել՝ նաեւ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:

Զատիկի տոնը արի հայերը նշում են նաեւ որպես Մայր Անահիտի հրաշագործության տոն:

Ավանդական տոների ու ծեսերի հետեւորդ հայ արիներն ու ազգայնականները զատկական արարողությունից եւ երազանքներ պահած կրակի վրայով թռչելուց հետո, գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կազմակերպեցին, ինչը զուգակցվեց ավանդական ուտեստների համտեսմամբ: Տոնն ավարտվեց ազգային երգ ու պարով, գինեձոներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի: