Նախագահական ընտրություններում ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարած 59-ամյա Դավիթ Մելիք-Ստեփանյանը տուգանվել է: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
59-ամյա Դավիթ Մելիք-Ստեփանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. փետրվարի 18-ին ժամը 17.15-ին ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում, Երեւան քաղաքի Ամիրյան 26 հասցեում գտնվող «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի» վարչական մասնաշենքում տեղակայված թիվ 9/18 ընտրատեղամասում Գուրգեն Ղազախեցյանի անձնագիրն օգտագործելու միջոցով վերջինիս փոխարեն փորձել է քվեարկել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ միջամտել է նույն ընտրատեղամասում ՀՀ Նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանի վստահված անձ Աբգար Սարգսյանը: Քննելով գործը ապրիլի 18-ին դատարանը վճռել է Դավիթ Գարսեւանի Մելիք-Ստեփանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով եւ պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի 600-պատիկի չափով:
Դավիթ Գարսեւանի Մելիք-Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:




























