Ապրիլի 19-ին, ժամը 23.56-ի սահմաններում Երեւանի Արցախի պողոտայում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված «Շտապօգնության» բժիշկ Արմեն Մկրտչյանի եւ բուժքույր Անիա Մովսիսյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից, որտեղ վերջիններս պառկած են:

Նրանց փոխանցմամբ` բժշկի, բուժքրոջ եւ վարորդի վիճակը ծանր է, նրանք տարբեր վնասվածքներ են ստացել, պոլիտրավմա` տարբեր օրգանների համակցված վնասվածքներ:

Հիվանդանոցից հայտնեցին, որ բժշկի մոտ առկա է ծանր գանգուղեղային վնասվածք, թոքերի վնասվածք, ազդոսկրի կոտրվածք, նա միացված է արհեստական շնչառության ապարատին: Բուժքույր Անյա Մովսիսյանը եւս միացված է արհեստական շնչառության ապարատին, նրա մոտ առկա է թոքերի ծանրագույն սալջարդ, վիրահատել են փայծաղը լյարդը կարել են եւ այլն: Վարորդ Հակոբ Գալստյանը գիտակցությունը տեղն է, նա միացված է արհեստական շնչառության ապարատին, ունի վնասվածքներ կրծքավանդակի, կոնքի, ազդոսկրի, սրունքոսկրի հատվածներում:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը Թագուհի Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրանք գնում էին Խարբերդ` կանչ սպասարկելու: Այդ ժամանակ նույն ճանապարհով «Շտապօգնության» երկու մեքենաներ էին ընթանում իրար հետեւից, առաջին մեքենայի վարորդը կարողացել է խուսափել դիմացից եկող «Մերսեդեսի» հետ բախումից, իսկ երկրորդին դա չի հաջողվել: Թագուհի Ստեփանյանը խոսել է «Շտապօգնության» վարորդի հետ, վերջինս պատմել է, որ դիմացից եկող «Մերսեդեսը» լույսերը չէր միացրել:

Տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ «Շտպաօգնության» երեք աշխատակիցներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ: Բուժքույրը եւ վարորդը երկար տարիներ է` աշխատում են «Շտապօգնությունում», իսկ բժիշկը` մեկ տարվա աշխատող է, նախկինում նա աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին, ժամը 23.56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Արցախի պողոտայի թիվ 32 Ա շենքի մոտակայքում: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են շտապօգնության 007 ՍԼ 64 եւ «Մերսեդես» մակնիշի 03 ՕՍ 078 համարանիշեր ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Մերսեդեսի» վարորդ՝ 34-ամյա Ա. Չիբուխչյանը տեղում մահացել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցներ` բժիշկ, 33-ամյա Ա. Մկրտչյանը, բուժքույր Ա. Մովսիսյանը եւ վարորդ Հ. Գալստյանը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: