2012 թվականին, Երեւանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովը քննարկել է քանդակագործ Տիգրան Արզումանյանի հեղինակած «Լեռնցիների պար» քանդակախումբը «Դվին» հյուրանոցի մերձակա հրապարակից այլ վայր տեղափոխելու հարցը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դա կապված է այն փաստի հետ, որ տեւական ժամանակ է, ինչ «Դվին» հյուրանոցը վերակառուցման փուլում է գտնվում եւ, հյուրանոցի հետ, պարսպից ներս է մնացել նաեւ քանդակաշարը` հայտնվելով հանրության տեսադաշտից դուրս:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները որոշել են քանդակը տեղափոխելու նախադեպ չստեղծել, մանավանդ, «Լեռնցիների պար»-ը համահունչ եւ ներդաշնակ է հենց տվյալ տարածքին:
Նախօրեին արդեն իսկ ՀՀ կառավարությունը, հանձինս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության, հաստատել է «Դվին» հյուրանոցի հետ կապված պայմանագրային փաթեթը:
Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է պայմանագրի ավարտից հետո բանակցել սեփականատիրոջ հետ` քանդակի հատվածում պարիսպը հետ տանելու եւ քանդակի անվտանգությունն ապահովելու երաշխիքով` վերջինս տեսանելի դարձնելու շուրջ:
Երեւանի քաղաքապետարանը իր մտահոգուրթյունն է հայտնում հուշարձանի վնասվելու այսօր արձանագրված փաստի առնչությամբ:
Հաշվի առնելով, որ «Լեռնցիների պար» քանդակախմբի պատասխանատվությունը կրում է սեփականատերը՝ քաղաքապետարանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս պարտավորեցնի սեփականատիրոջը հատուցել «Լեռնցիների պար» քանդակախմբի վերականգնման գումարները` ապահովելով նաեւ հուշարձանի անվտանգությունը:




























