Երեւանի քաղաքապետարանը կվերականգնի անտառային այգիներն այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, հայտարարել է Երեւանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Մենք մայրաքաղաքում վերականգնում ենք կանաչ գոտիները եւ դրա համար փնտրում ենք բոլոր հնարավորությունները: Վերջին տարիներին մենք դրա համար մեծ ջանքեր ենք գործադրել եւ շարունակում ենք այդ աշխատանքը»,-հայտարարել է Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքով՝ այդ ճանապարհին հիմնական խնդիրներից մեկը կլինեն այնպիսի կանաչ զանգվածներ, որպիսիք են Ծիծեռնակաբերդի եւ Եռաբլուրի անտառային տարածքները, ինչպես նաեւ «Փարոսի» բլուրը: «Երեւանը մեր ընդհանուր տունն է, եւ մենք պարտավոր ենք հոգ տանել նրա բարեկարգ լինելու համար: Կանաչապատումը քաղաքի անբաժանալի մասերից մեկն է»,-ասել է Մարգարյանը:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 5-ին: Ավագանին իր հերթին կընտրի քաղաքապետ: ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը:




























