Քութաիսիում Հայրենական պատերազմին նվիրված Փառքի հուշահամալիրի պայթեցման արդյունքում զոհվածների գործով դատն ավարտվել է։ Քութաիսիի քաղաքային դատարանը երեք մեղադրյալներին դատապարտել է ազատազրկման։

«Грузвзрывпром» ընկերության տեխնիկական տնօրեն Ավթանդիլ Դարսավելիձեն, ով իրականացրել է հուշահամալիրի ապամոնտաժումը, դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ իրականացվող աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները չպահպանելու համար։

«Новости-Грузии»-ի հաղորդմամբ, ընկերության Թբիլիսիի եւ Քութաիսիի մասնաճյուղերի ղեկավարներ Էլգուջա Գաբադաձեն եւ Թենգիզ Դարախվելիձեն դատապարտվել են 3,5 եւ 2 տարվա ազատազրկման։

Դատավճռի հրապարակումից հետո դատապարտվածների փաստաբանը հայտարարել է, որ իրենք իրենց մեղավոր չեն ճանաչում, քանի որ իշխանություններն են իրենց ստիպել շտապել։ Փաստաբանի խոսքով, «Грузвзрывпром» ընկերության ներկայացուցիչները կտրականապես դեմ են եղել, որ պայթյունը լինի դեկտեմբերի 19-ին (նախապես ծրագրված էր հուշահամալիրը պայթեցնել դեկտեմբերի 21-ին), քանի որ ժամանակ էր պետք պատրաստվելու համար։

Հիշեցնենք, որ Քութաիսիի Փառքի հուշահամալիրը պայթեցվել է 2009 թվականի դեկտեմբերի 19-ին։ Ապամոնտաժման աշխատանքերի ժամանակ բետոնի բեկորների հարվածից մահացել էին 7 ամյա Նինո Ջինչարաձեն եւ նրա մայրը Էկա Ջինչարաձեն, իսկ մի քանի ուրիշներ վնասվածքներ էին ստացել ու հոսպիտալացվել։