Առնվազն 16 մարդ զոհվել է եւ 21 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել Aria Air ընկերության Թեհրան–Մաշադ չվերթի ռուսական արտադրության ИЛ-62 ինքնաթիռի վթարի արդյունքում։

Վթարը տեղի է ունեցել Իրանի հյուսիս–արեւելքում գտնվող Մաշադ քաղաքի օդանավակայանում վայրէջքի ժամանակ։ Fars իրանական գործակալության փոխանցմամբ, ինքնաթիռը երեկ երեկոյան՝ տեղի ժամանակով 18,00–ի սահմաններում, փորձել է արտակարգ վայրէջք կատարել։

Ըստ չճշտված վարկածներից մեկի՝ ինքնաթիռը բախվել է պատին։

Վթարի պահին ինքնաթիռում էին 160 ուղեւոր եւ անձնակազմի անդամները։

Հիշեցնենք, որ նախորդ ավիավթարը տեղի էր ունեցել հուլիսի 15-ին: Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր էր ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել էին 168 մարդ, այդ թվում ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել էին: Ուղեւորների թվում եղել են 37 հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները: