ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված եւ օրեր առաջ Բելգիայում վիրահատված Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը այժմ նորմալ է, ցավերը նվազել են, թեեւ բժիշկները հայտնել են, որ դեռ երեք շաբաթից կզգա տարբերությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ դեռ չգիտի, թե երբ կվերադառնա Հայաստան, այժմ բժիշկների հսկողության տակ է:
Մեր խնդրանքով Պարույր Հայրիկյանը անդրադարձավ նաեւ ՍԴՀԿ (ընդդիմադիր) անդամ Գուրգեն Եղիազարյանի հնչեցրած մտքերին, որ «պետք է գտնել Հայրիկյանին վիրահատող «խիրուրգին», ում պատճառով պետական բյուջեն 50 հազար դոլարով տուժել է»:
Պարույր Հայրիկյանը նշեց, որ հայ բժիշկների խնդիրն էր հանել փամփուշտը, եւ իրենք փամփուշտը հանել էին, իրենք միկրովիրաբուժական վիրահատություն անցկացնելու խնդիր չունեին:
Նա շեշտեց, որ տեսել է արտերկրի տեխնիկական հնարավորությունները եւ հասկանում է, որ մեր բժիշկների տեխնիկական հնարավորությունների պայմաններում միկրովիրաբուժական վիրահատության մասին խոսելն անխելքություն կլիներ: «Չեմ ուզում որեւէ մեկին պաշտպանել: Դա նույնն է, որ մեկին ասես, թե ինչու «Մերսեդես» մեքենայով չես գնացել, այլ գնացել ես սայլով, եթե այդ մարդը սայլ ունի, ո՞նց կարող է»,- ասաց նա:
Պարույր Հայրիկյանն ասաց, որ նույնիսկ արտերկրի բժիշկները, վիրահատելով հանդերձ, ասացին, որ երեք շաբաթ հետո կարող են ասել` հաջողություն ունեցել են, թե՝ ոչ, որովհետեւ փամփուշտը գլխավոր զարկերակին քսվելով անցել է, իրենք սա հրաշք են համարում: «Միկոսկոպերն աչքերին 8 ժամ վիրահատություն են արել, ասեմ ինչի՞ Հայաստանում նույնը չէին անում»,- նշեց ԱԻՄ առաջնորդը:
Նա անդրադարձավ նաեւ իրեն պետական բյուջեից 50 հազար դոլար տալու մասին Գուրգեն Եղիազարյանի հայտարարությանը: «Պետական բյուջեն ունի տարբեր հոդվածներ եւ պետական բյուջեի մասին կարելի է խոսել դժգոհությամբ, երբ հոդվածները սխալ են օգտագործվում: Եթե կա պահուստային ֆոնդ, այն օգտագործվում է պահուստային ֆոնդի նպատակով: Իսկ ես արդեն բոլոր դեբիլների համար ասել եմ` ես գիտեմ այն ճանապարհը, որով պետական բյուջեից ինձ վրա արված ծախսերը պետք է փոխհատուցեմ, որովհետեւ սիրում եմ իմ պետությունը, ես գիտեմ ճանապարհը, դրա մասին ասել եմ, այդ մասին էլ չխոսենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:
Նշենք, որ Հայաստանի կառավարությունն մարտի 28-ին, 20.5 մլն դրամ է հատկացրել առողջապահության նախարարությանը՝ Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով: Գումարը հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդից: 2013թ. նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Նրա բուժումը կազմակերպվել էր Երեւանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով՝ բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով (մոտ 50 հազ. դոլար):




























