32-ամյա Ռուբեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել 10-15 հազար դրամ միջնորդավճարով պարբերաբար իր ծանոթ սիրիահայերի համար մարմնավաճառներ մատակարարելու համար: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 32-ամյա Ռուբեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երեւան քաղաքում մարմնավաճառությամբ զբաղվող Լիանա Ս.-ի, Գեղեցիկ Մ.-ի, էմմա Կ.-ի եւ Գայանե Բ.-ի հետ ծանոթանալուց հետո, պայմանավորվածության համաձայն, 2012թ. մարտից մինչեւ 2013թ. մարտն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումներն իր ծանոթ՝ արտերկրից Հայաստան ժամանած սիրիահայերի հետ:

Նա յուրաքանչյուր դեպքով հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց մարմնավաճառներից որպես միջնորդավճար՝ ստացել է 10- 15 հազարական դրամ:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 262  հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը  կատարվել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով:

Գործը կողմերին ուղարկվել է ապրիլի 18-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: