Երեւան-Վայք ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում, տեղի ունեցած վթարից մահացած 3 եւ վիրավորված 3 քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի բնակիչներ են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Մարտակերտի բնակիչներից:

Նրանք Երեւան էին եկել 3-ամյա փոքրիկի Բարմեն Առուստամյանի աչքը վիրահատելու, սակայն դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 30 UU 723 համարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով փոքրիկի տատիկը՝ 57-ամյա Սվետլանա Ալեքսանյանը եւ հայրը` 42-ամյա Գագիկ Առուստամյանը տեղում մահացել են: Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր նաեւ փոքրիկի հորեղբոր աղջիկը` 11-ամյա Էլեոնորա Առուստամյանը: Փոքրիկի պապիկը` 58-ամյա Ժորա Առուստամյանը տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն եւ արդեն դուրս է գրվել: Իսկ մայրը Նորք Մարաշի օրթոպեդիկ  հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 21-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Վայք ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել էին, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել էր, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 30 UU 723 համարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով ուղեւորներ՝ 57-ամյա Սվետլանա Ալեքսանյանը եւ 42-ամյա Գագիկ Առուստամյանը տեղում մահացել էին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ 57-ամյա Ժորա Առուստամյանը եւ 3-ամյա ուղեւոր Բարմեն Առուստամյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արտաշատ քաղաքի ԲԿ, 37-ամյա Նարինե Ազարյանը՝ Արարատ քաղաքի ԲԿ, իսկ 11-ամյա Էլեոնորա Առուստամյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս էին բերել Ս.Ալեքսանյանի եւ Գ.Առուստամյանի դիերը: