«Ժամանակ» թերթը գրում է, որ երեկ Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ Տարոն Մարգարյանի հանդիպմանը չէր մասնակցում ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանը, ով նախկինում շատ ակտիվ էր Կենտրոնում եւ ՀՀԿ-ի քարոզարշավները հիմնականում ինքն էր կազմակերպում Կենտրոնում:

«ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանին հարցրեցինք՝ եթե Գագիկ Բեգլարյանը, ով նախկինում շատ ավելի ակտիվ էր, այսօր չի մասնակցում, նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ում որոշակի խզում կա, եւ Բեգլարյանի թիմը չի մասնակցում Տարոն Մարգարյանի քարոզարշավին: «Այդ հարցը տվեք Գագիկ Բեգլարյանին: Բայց Գագիկ Բեգլարյանը մասնակցում է Տարոն Մարգարյանի ընտրություններին, ուղղակի ես չգիտեմ, կարող է մարդը վատառողջ է»,- ի պատասխան ասաց Նուշիկյանը: Մեր հստակեցմանը, թե հնարավո՞ր է` քանի որ Բեգլարյանը քաղաքապետի թեկնածու չեղավ կամ ավագանի, դա է պատճառը, ՀՀԿ խմբակցության պատգամավորն ասաց. «Ես կարծում եմ` դա ուղղակի ասեկոսեներ են: Համենայնդեպս, ես այդպիսի ինֆորմացիա չունեմ»:

Իսկ Տարոն Մարգարյանը կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` նախ պատճառաբանելով, թե քաղաքացիների հետ է խոսում, իսկ հետո՝ ուղղակի նստեց մեքենան ու գնաց»,- գրում է «Ժամանակը» (Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում):
։