2007 թվականին՝ հենց այս օրը՝ ապրիլի 23-ին, Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում հրապարակայնորեն գնդակահարվել են ազգությամբ 24 եզդիներ: Բայց սա Իրաքում եզդիների հանդեպ իրականացրած ոչ առաջին եւ ոչ էլ առավել եւս վերջին հանցագործությունն էր: Այս մասին հայտարարություն է տարածել «Սինջար եզդիների ազգային միավորումը»:
«Վերը նշված հրապարակային գնդակահարությամբ ցույց տրվեց, որ կարելի է բացահայտ հանցագործություն կատարել եւ մնալ անպատիժ: Սպանված եզդիներից ամենաերիտասարդը տասը տարեկան մի տղա էր, սպանվածների թվում էին նաեւ 10 հոգուց բաղկացած մեկ ընտանիք: Այս եւ մնացած այլ հանցագործությունները եզդիների նկատմամբ կատարվել են ազգային-կրոնական հողի վրա:
Իրաքի Սահմանադրությամբ եւ օրենքներով չեն պաշտպանվում ազգային փոքրամասնությունների, եւ, մասնավորապես, եզդիների իրավունքները: Այսօր իրաքաբնակ եզդիները կանգնած են մեծ վտանգի աջեւ: Արդեն իսկ հարյուր հազարավոր եզդիներ լքել են իրենց պատմական բնօրրանը:
Քաղաքակիրթ աշխարհը չի կարող անտարբեր լինել Իրաքում ծավալվող իրադարձություններին: Այնտեղ պետք է ապահովված լինեն բոլոր ազգերի իրավունքները, հետեւաբար չպետք է վտանգված լինի որեւէ ազգային փոքրամասնության գոյություն: Ի վերջո ռազմական միջամտությունը Իրաքում ի սկզբանե հենց այդ նպատակն էր հետապնդում:
Մենք դատապարտում ենք Իրաքում եզդիների նկատմամբ կատարվող հանցագործությունները եւ հրավիրում քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը աշխարհի հնագույն ազգերից մեկի` եզդիների առջեւ ծառացած խնդիրների վրա»,-ասված է հայտարարության մեջ:




























