Ճապոնական խորհրդարանի մոտ 170 պատգամավորներ այցելել են ռազմական հակամարտություններում 2,5 մլն զոհված ճապոնացիների հիշատակին նվիրված Յասուկունի տաճարը։ Զոհերի շարքում կան նաեւ ռազմական հանցագործներ։
1989-ից սկսած՝ այս տարի Յասուկունի են այցելել ամենաշատ թվով պատգամավորները։ Ավելի վաղ Յասուկունի էր այցելել փոխվարչապետ Տարո Ասոն։ Երկրի վարչապետ Սինձո Աբեն նվիրատվություն է փոխանցել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Յասուկունիի հուշատախտակների վրա կա ռազմական հանցագործությունների համար դատապարտված 14 մարդու անուն։ Այդ պատճառով էլ Ճապոնիայի քաղաքական գործիչների ու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Տոկիոյի այդ տաճար այցելությունը Չինաստանում ու Կորեայի երկու մասերում ավանդաբար զայրույթ է առաջացնում եւ ընկալվում որպես վիրավորանք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ճապոնացի փոխվարչապետի՝ Յասուկունի կատարած այցից հետո Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարը հետաձգել էր Տոկիո ծրագրված այցը։




























