Թուրքիայի իշխանությունները դիմել են աֆղանական ցեղերի առաջնորդներին՝ խնդրելով օգնել «Մի-8» ուղղաթիռի անձնակազմի անդամների որոնումների հարցում, որոնց գերեւարել են թալիբները: Պատանդները կենդանի են, հաղորդվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տեղի իշխանությունները բանակցում են թալիբների հետ նրանց ազատ արձակելու համար:

Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ղեկավարությունը արտակարգ ժողով է հրավիրել՝ պատանդների փրկության նպատակով գործողություն մշակելու համար:

Ավելի վաղ «Թալիբան» շարժման տարածած հաղորդագրությունում նշվել էր, որ գրոհայինները գերեւարել են 11 ամերիկացի զինծառայողների, իսկ ուղղաթիռը այրել են, հաղորդում է Vesti.ru-ն:

Հիշեցնենք, որ ուղղաթիռում եղել են 8 թուրքեր, մեկ աֆղանցի եւ մեկ ռուս: Ուղղաթիռը վատ եղանակային պայմանների պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Աֆղանստանի արեւելքում գտնվող Լոհար նահանգի Ազրա ավանում: Այդ ավանի մեծ մասը գտնվում է թալիբների վերահսկողության տակ: