Հայաստանում ալյուրի եւ հրուշակեղենի խոշոր արտադրողներից մեկը՝ «Մանչո գրուփ» ընկերությունը նախատեսում է պահածոների գործարան կառուցել: Այդ մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մանչո գրուփ» ՍՊԸ նախագահ Իվան Մոսոյանը: Նա հայտնեց, որ ներդրումների աջակցության համար դիմելու է գործարան աշխատանքային այց կատարած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նախնական հաշվարկներով՝ նախատեսվում է 8 մլն դոլարի ներդրում: Լրագրողների հետ շրջայցից հետո ՀՀ վարչապետը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ «Մանչո գրուփի» ներկայացուցիչները փակ քննարկում անցկացրին՝ ֆինանսավորման կոնկրետ մեխանիզմներն ու չափերը քննարկելու համար:

Նշենք, որ «Մանչո գրուփը» նախորդ տարիներին էապես ընդլայնել է արտադրությունը: Ընկերության կողմից շահագործվում են 2 արաղացներ, որոնց արտադրողականությունը կազմում է օրական 100 տոննա:

Բացի այդ՝ սկսվել է մրգային օղիների, գինիների եւ կոնյակի արտադրությունը, այդ նպատակով ներդրվել է մոտ 15 մլն դոլար: «Աստաֆյան» կոնյակն արտադրելու համար ընկերությունը 5 տարի իրականացրել է խաղողի մթերում եւ սպիրտի հնեցում, ինչպես նաեւ 30 տարվա սպիրտ է ձեռք բերել Երեւանի կոնյակի գործարանից: 2012 թ. վերջերից սկսել է կոնյակի շշալցումը: Նշենք, որ միայն գինում եւ կոյակի արտադրության գործարանը զբաղեցնում է 5 հա: